ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հեռանում են հիասթափվածները

Հեռանում են  հիասթափվածները
30.05.2013 | 23:51

Վերջին օրերին մամուլում հայտնվում են նյութեր, համաձայն որոնց՝ տարբեր տրամաչափի ԲՀԿ-ականներ լքում են կուսակցությունը՝ հիասթափված լինելով Գագիկ Ծառուկյանից ու նրա քաղաքականությունից: Բազմիցս է խոսվել այն մասին, որ ԲՀԿ-ից արտահոսքը անխուսափելի է, քանզի կուսակցությունն ի սկզբանե հիմնադրված է եղել մեկ անձի հիմքով, մեկ անձի շուրջ ստեղծված իրադրությամբ և մեկ անձի քմահաճույքներով: Իհարկե, հայաստանյան իրականության պայմաններում դժվար է պատկերացնել, որ անհատը կարող էր կուսակցություն հիմնել: Դա ժամանակի իշխանության ցանկությունն էր, հնարավոր է նաև՝ պահանջը: Ինչ խոսք, ԲՀԿ-ն կարող էր իր շարքերն ընդլայնել և անդամներին վերահսկել, երբ իշխանության կազմում էր, տիրապետում էր կառավարչական լծակների: Միևնույն ժամանակ, պարզ էր, որ Գագիկ Ծառուկյանը չի կարող կուսակցականների հոծ բանակ պահել, երբ չլինի իշխանության կազմում:
Խնդիրն այն է, որ Ծառուկյանը քաղաքական գործիչ չէ և այդ մասին բազմիցս հայտարարել է: ԲՀԿ-ն, որի առանցքը Ծառուկյանի անձն է, նույնպես քաղաքական միավոր չէ: Ծառուկյանը ԲՀԿ-ում համախմբել է մարդկանց, ովքեր, չդավանելով որևէ քաղաքական գաղափարախոսություն, հսկայական հավակնություններ և սպասելիքներ ունեն: Կարելի է ասել, որ ժամանակին Ծառուկյանը ստեղծեց այնպիսի իրավական խողովակ, որը հնարավորություն էր տալիս մասնակցելու քաղաքական գործընթացներին և համախմբելու մարդկանց այնպիսի խմբի, որն իր տեղը չէր գտել ժամանակի իշխանության կուսակցություններում՝ ՀՀԿ-ում, ՕԵԿ-ում և ՀՅԴ-ում: 2006-2008 թթ. ԲՀԿ-ին հաջողվեց ամորտիզացնել քաղաքական դաշտը և իշխանության համար հավելյալ հենասյուն ապահովել: Սակայն 2012-ից իրադրությունը փոխվեց: Ինչպես ասում են՝ ախորժակը ուտելիս է բացվում: Ծառուկյանն ու նրա շրջապատը որոշեցին, որ չեն ցանկանում ամորտիզատորի դերակատարություն ստանձնել և ժամանակն է փորձ կատարել իշխանություն դառնալու կամ առնվազն իշխանությանը ստիպելու, որ հաշվի նստեն իրենց հետ: Հնարավոր է, որ ԲՀԿ բարձրագույն ատյանում կարծում էին, թե Սերժ Սարգսյանին սատարելու միջոցով հնարավոր կլինի պայմանավորվել հետագայում իշխանություն ստանձնելու հարցում: Սակայն տեղի ունեցավ հակառակ գործընթացը: Հզորանալու փոխարեն կուսակցությունը դուրս մնաց քաղաքական գործընթացներից՝ 2012 թ. մայիսին չկարողանալով հաղթել խորհրդարանական ընտրություններում, իսկ 2013-ին՝ բոյկոտելով նախագահական ընտրությունը: Երևանի ավագանու ընտրություններում էլ ԲՀԿ-ական կոպիտ քարոզարշավը արդյունք չտվեց, և կուսակցությունը հայտնվեց անդնդի եզրին:
Ինչ-որ տեղ բնական է, որ ԲՀԿ-ից պետք է արտահոսք սկսվեր, քանզի ապաքաղաքական և գաղափարախոսություն չդավանող մարդկանց խումբը չի ստանում և հույս չունի ստանալու այն, ինչի համար հայտնվել էր Ծառուկյանի կուսակցությունում: Այս պայմաններում ԲՀԿ-ն երկու ելք ունի՝ կապիտուլյացվել և վերադառնալ մեկնարկային դիրքեր՝ հանդիսանալով իշխանության կցորդը կամ բռնել դանդաղ, բայց հաստատուն կազմաքանդման ճանապարհը: Կասկածից վեր է, որ ԲՀԿ մրցակիցները խթանելու են այս գործընթացը: Առայժմ Ծառուկյանը, հենվելով ֆինանսական հնարավորությունների վրա, կարող է իրեն թույլ տալ առժամանակ պահպանել կուսակցությունը, սակայն չկապիտուլյացվելու կամ հակառակը՝ հեղափոխական ճանապարհը չընտրելու դեպքում դատապարտված է կործանման: Նույն ՀԱԿԿ-ը փորձում է ԲՀԿ-ին առճակատման տանել իշխանության հետ՝ թուլացնելով թե՛ մեկին, թե՛ մյուսին: Դրանից հետո կարող է ստեղծվել նոր իրավիճակ, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը պղտոր ջրում ձուկ որսալու մեծ մասնագետ է: Այնպես որ, ԲՀԿ-ի «առումն» անխուսափելի է:


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1621

Մեկնաբանություններ